Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանական պատգամավոր Վահագն Թևոսյանն ասում է․ «Իմ անձնական վերաբերմունքն Ամուլսարի խնդրի շուրջ որոշակիորեն տարբերվում է այն վերաբերմունքից, որը ես՝ որպես պաշտոնատար անձ, պարտավոր եմ որդեգրել իմ գործունեության ընթացքում»:
Նման դիրքորոշումների ականատես ենք լինում նաև իշխանական այլ շրջանակներից, մասնավորապես՝ համանման կարծիք էր արտահայտել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում։ Հարգելի պատգամավորին և մյուսներին տեղեկացնենք, որ նրա և նրա գործընկերների անձնական կարծիքները այն նախընտրական դրույթներն են, որի շնորհիվ իրենք «կպցրին» իրենց 70%-ը։ Այժմ նրանք ոչ թե կարող են ազատորեն արտահայտել այս կարծիքը, այլ պարտավոր են, ավելին՝ նրանք պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի այդ կարծիքը դառնա իրականություն։ Այս մասին են մարդկային համակեցության բոլոր օրենքները, նաև սա է վկայում երկրի Գլխավոր Օրենքը, որտեղ նշված է, որ «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։ Ընդամենը նրանից հարցնում են իր խղճի ու համոզմունքի ներկա վիճակի մասին, և ոչ թե՝ որպես պաշտոնական անձ ինչ-ինչ բաների համար հետևողական լինելու։
Իրենք 70%-ը կպցրել են հենց այն բաների համար, որը ներկայացրել են որպես իրենց խիղճ և համոզմունք, ոչ թե՝ որ պարգևավճարներ թալանեն, պատահական մարդկանց ասֆալտին պառկեցնեն, իսկ ոչ պատահականների վրա քրեական գործեր թխեն։ Քշտած ձեռքերով բյուջե մտնելը, իրենց 70%-ը պահպանելու համար բռնաճնշումները, այն իրավունքներ են, որ իրենք իրենց վերագրել են որպես պաշտոնատար անձ։ Իսկ իշխանական առաջնային պարտականությունը Ամուլսարի և այլ հարցերի վերաբերյալ իրենց համոզմունքներ արտահայտելն ու նախանձախնդրորեն հետապնդելն է։
Ի դեպ, ասվածը չի վերաբերվում Աննա Հակոբյանին, նա կաշկանդված չէ Սահմանադրությամբ, այլ միայն՝ մարդկային օրենքներով»: