Այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 68կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Hyundai Elantra և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 24 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտակամն հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ։

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայղոները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երեքին հիվանդանոց է ուղեկցել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, և օպերատիվ են գործել Վեդիի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Տեղում Վ. Լաչինյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ գլխավորությամբ, ում կողմից փատսի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com