Բոլոր ապօրինի ներգաղթյալները, որոնք նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի ֆոնին փորձում են Հունգարիայի տարածք ներթափանցել, բնակչության առողջության համար լուրջ վտանգ են ներկայացնում և կրում են որոշակի «կենսաբանական վտանգ»: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Ինչպես նշում է tass.ru-ն, երկրի վարչապետն ընդգծել է, որ կորոնավիրուսային վարակի տարածման պայմաններում ներգաղթյալների որոշակի խմբի կարելի է դիտարկել որպես «կենսաբանական զենք», այդ իսկ պատճառով Օրբանը համոզված է, որ նրանց ներթափանցումը Հունգարիայի տարածք պետք է «ամեն գնով» կասեցվի:

Այնուհանդերձ՝ Օրբանը գտնում է, որ ոչ բոլոր ներգաղթյալներն են վտանգավոր: Բայցևայնպես, քանի դեռ նրանք կորոնավիրուսի թեստ չեն հանձնել, շարունակում են վարակման հավանական աղբյուր համարվել: