Հունիսի 30-ին  «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում  էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` «իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ»։ Դատախազությունն այն մակագրել էր ՀՔԾ-ին: Մեկ ամիս անց ընդդիմադիր քաղաքական ուժերին  իրավապահ այս կառույցից պատասխանում են, դիմումը մերժվել է: Հանգամանքն էլ ստիպել էր երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրել մամուլի ասուլիս, նախ հայտարարեցին ՝ սկզբանե չէին էլ մտածում, թե ՀՔԾ–ն համարձակություն կունենա և քրական գործ կհարուցի։
Իսկ հաղորդման բովանդակությունը հետեւյալն էր, ըստ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի՝ ՀՀ օրենսդիր, գործադիր և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր հանցակցություն են թույլ տվել:  Խոսքը վերաբերում էր ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխություններին, որոնց արդյունքում պաշտոնանկ արվեցին ՍԴ երեք դատավորներ, իսկ Հրայր Թովմասյանը զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից ու վերածվեց ՍԴ շարքային անդամ–դատավորի։

Դիմումում մատնանշվում էր Քրեական օրենսգրքի 3 հոդված` իշխանության յուրացում, Սահմանադրական կարգի տապալում և պաշտոնեական լիազորություններն անցնելը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ՀՔԾ–ն մերժել է քրեական գործի հարուցումը և այդ մասին իրենց տեղեկացրել` ՀՔԾ ավագ քննիչի կայացրած որոշումն ուղարկելով։
Մինասյանը հույս հայտնեց, որ դատախազությունը կվերացնի ՀՔԾ քննիչի որոշումը, կհարուցի քրեական գործ ու կհետևի, որպեսզի իրականացվի պատշաճ քննություն։ Ի տարբերություն Մինասյանի` «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արսեն Բաբայանը, հակառակը` հույս չունի, թե դատախազությունը կբավարարի իրենց բողոքը։

Բաբայանը նաև նշեց, որ նման դեպքերում ՀՔԾ որոշումը բողոքարկելու երկու ճանապարհ կա` դատախազություն և դատարան։ Իրենք ընտրել են դատախզության տարբերակը, քանի որ որոշ դեպքերում դատարանը գտել է, որ նախ պետք է դիմել դատախազություն, հետո նոր դատարան։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ–ն ՍԴ–ի շուրջ ընթացող ամբողջ գործընթացը հակասահմանդրական է որակում և չի պատրաստվում մասնակցել ՍԴ դատավորների նոր թեկնածուների ընտրությանը` ԱԺ–ում։

Թափուր տեղերի համար թեկնածուներ են առաջադրել ՀՀ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովն ու ՀՀ նախագահը։ Կառավարությունն առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանի, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։

ՀՔԾ–ի «դուխն» ու երեք կուսակցությունների դիմումը

ՀՔԾ–ի «դուխն» ու երեք կուսակցությունների դիմումը

Gepostet von Irakanum.am am Freitag, 7. August 2020