Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորքի նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ էր հրավիրվել։ Նիստին, սակայն, Սերժ Սարգսյանն ու նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը չէին ներկայացել։ Չէր ներկայացել նաև ամբաստանյալներից Գևորգ Հարությունյանը։ Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Գործով մեղադրյալներ են նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

Այսօրվա դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանը դիմում էր գրել դատարան՝ հայտնելով, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել և սպասում է պատասխանին։ «Թագավարակով վարակված լինելու որոշակի կասկածներ ունենալու պատճառով այսօր առավոտյան «Նաիրի» ԲԿ-ում հանձնել եմ թեստ, որի պատասխանը չեմ ստացել, ուստի նիստին չեմ կարող ներկայանալ»,- ասված էր դիմումում։ Ամրամ Մակինյանը միջնորդել էր նաև, երկրում համավարակի աճի ցուցանիշները հաշվի առնելով, հետաձգել այսօրվա դատական նիստը։ Դատավոր Վահե Միսակյանը նկատեց, որ համավարակի աճի տեմպն արդեն նվազել է։

Դատավորն անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը, սակայն նրան բերման ենթարկելու որոշում չկայացրեց։

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին։