Հատուկ քննչական ծառայությունից հաստատում են տեղեկություններն այն մասին, որ ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը։ Irakanum.am-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, սակայն նշեց, թե այս պահին չեն կարող հայտնել, թե ինչ քրեական գործի շրջանակներում է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը։ Միաժամանակ մեր ունեցած տեղեկություններով նախկին պաշտոնյային մեղադրանք դեռ չի առաջադրվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Hraparak.am-ը գրել էր, որ նախքան ձերբակալելը Ռոբերտ Նազարյանից պահանջել են հարուցված քրեական գործերից մեկով ցուցմունք տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նազարյանը հրաժարվել է՝ պնդելով, որ իրեն առաջարկող ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում և ինքը չի կարող ստորագրել դրա տակ, ինչից հետո նրան ձերբակալել են: Այս պահին ճնշումների միջոցով փորձում են ցուցմունք կորզել: