Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց  Լիբանանի բարեկամ ժողովրդին ու կառավարությանը սփոփանքի և զորակցության խոսքերով Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը   Կառավարության անունից ցավակցություն հայտնեց մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում  բոլոր վիրավորներին: Գործադիրի ղեկավարը շեշտեց՝  Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է, և  այս դժվարին պահին Հայաստանը  կարող անտարբեր մնալ Լիբանանի ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում:

Վարչապետը հայտնեց, որ բոլոր նրանք, ովքեր անհատական օգնություն, նվիրատվություն են ցանկանում ցուցաբերել, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել ԿԲ-ում և առցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում: Մեր ինքնաթիռի հետ Բեյրութ կմեկնի նաև Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը՝ գնահատելու մեր համայնքի կարիքները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և այսօր երեկոյան կամբողջացվի ծրագիրը: Քննարկվում են ինքնաթիռի մի քանի տարբերակներ:

Հետո անդրադարձ Քովիդ 19-ին.    կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակաբար թուլանում է, թեև ամենօրյա դեպքերի հայտնաբերման բացարձակ թվերը շարունակում են բարձր մնալ, ասաց Փաշինյանը, հավելելով, որ մարտավարության որոշակի փոփոխություն է կատարվել: Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ՝ ախտորոշումներ կիրականացվեն ռիսկային խմբերի շրջանում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ հայտնաբերման առումով խորհուրդ է տրվում այնպիսի մակարդակում պահել հայտնաբերված դեպքերը, որ կազմեն թեստավորված դեպքերի ոչ ավելի, քան 10 տոկոսը:

Գործադիրն այսօրվա նիստում որոշեց 278 մլն դրամ հատկացնել Տավուշի մարզպետարանին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ որոշման նպատակն է աջակցել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների հրետակոծությունից տուժած բնակիչներին՝ վնասված անշարժ գույքի փոխհատուցման, վերակառուցման համար:

Վարչապետն ընդգծեց, որ հատկացվող գումարով Չինարի գյուղի ավերված բնակելի տունը զրոյից կվերականգնվի: Նա նաև նշեց, որ Ներքին Կարմիրաղբյուրում պուրակ կհիմնվի ավերված տներից մեկի տարածքում, որը կգնվի սեփականատիրոջից: Նախատեսվում է, որ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացվեն:

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում 27 հարց էր ներառված, որից 24-ը՝ չզեկուցվող էին: Կային նաեւ գաղտնի հարցեր: Նախագծերը ընդունվեցին միաձայն, հարցեր էլ չկային: Վարչապետն առաջարկեց անցնել օրակարգի գաղտնի հատվածին: Այստեղ արդեն տեսախցիկներն անջատվում են:

Ինչ հարցեր է քննարկվել կառավարությունում. վարչապետի հայտարարությունները

Ինչ հարցեր է քննարկվել կառավարությունում. վարչապետի հայտարարությունները

Gepostet von Irakanum.am am Donnerstag, 6. August 2020