Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երեկ մի շատ տարօրինակ իրավիճակի հետ է բախվել:

«Ինձ լուսանկարներ ուղարկեցին Տավուշի մարզի Պառավաքար գյուղից, որտեղ երևում էր, թե ինչպես են ակնհայտ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մարդիկ բանվորական աշխատանք կատարում ընկերություններից մեկում: Քանի որ այնպես էր ստացվել, որ այդ ընկերության ներկայացուցիչը մասնակցում էր մի աշխատանքային քննարկման, ես հետաքրքրվեցի, թե ի՞նչն է պատճառը, որ օտարերկրացի ներուժ են ներգրավում, և պարզվեց, որ այն խնդիրը, որը արձանագրել ենք 2018 թվականին, երբ մի կողմից ունենք գործազրկության խնդիր, մյուս կողմից աշխատուժի խնդիր, այդ խնդիրը շարունակում է գոյություն ունենալ», — ասաց նա:

Վարչապետը նշեց, թե, մասնավորապես, «Տավուշ տեքստիլ» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ երկու օրից Պառավաքարում նոր արտադրամաս է բացվելու՝ մոտավորապես 200 աշխատակցով և աշխատուժ ներգրավելու հետ կապված դրությունը այնքան էլ լավ չէ:

«Նույնիսկ ճգնաժամի պայմաններում, երբ թվում է, որ ամեն աշխատատեղ պետք է շատ մեծ պահանջարկ ունենա, բայց ունենք այսպիսի խնդիր և սա ռազմավարական խնդիր է ու պետք է մտածենք, թե այս խնդիրը ինչպես ենք լուծում: Ես գիտեմ, որ հիմա այս խոսքից հետո կհնչեն բազմաթիվ փաստարկներ, այդ թվում, աշխատավարձի ցածր լինելու մասին, բայց ես չեմ կարծում, թե կա որևէ աշխատավարձ, որը ցածր է զրոյից», — ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ օտարերկրացիներն ասել են, որ աշխատում են օրը հինգ հազար դրամով, իսկ ընկերության ներկայացուցիչը ասել է, թե 8-10 հազար դրամով օրը տեղում աշխատուժ գտնել չեն կարողանում: