Irakanum.am-ը տեղեկացրել էր,  որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրով, Աշոտ Զաքարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ:

Աշոտ Զաքարյանը, հիշեցնենք, Արցախյան պատերազմի մասնակից է: 1993-2003 թվականներին զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը: 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Զաքարյանը աջակցել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը, որն էլ հետագայում պատճառ է դարձել նրա դեմ քրեական գործեր հարուցելուն և քաղաքական հետապնդում իրականացնելուն:
Հայաստանում՝ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո Աշոտ Զաքարյանը ամեն գնով փորձում էր հասնել այս պաշտոնին և իշխանության ներսում բարեկամներ էր փնտրում: Ըստ էության նրան դա հաջողվում է: Աշոտ Զաքարյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ընկերներ են: Սա չի հերքել նաեւ ինքը՝ Զաքարյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ հենց Քոչարյանն է բարեխոսել Զաքարյանի համար, ընկերոջ համար ապահովելով իշխանական բուրգում ցանկալի պաշտոն:

Իհարկե իշխանությունը այս ամենը կհերքի, ասելով, որ խնամի- ծանոթ- բարեկամ սկզբունքը «նոր Հայաստանում» չի գործում, որ իրենք մերժել են այդ արատավոր երևույթները, սակայն երկու տարի շարունակ տարբեր գերատեսչություններում կատարվող նշանակումների մեծ մասը ցույց է տալիս, որ ԽԾԲ չգրված օրենքը գործում է:

Irakanum.am