Օգոստոսի 3-ին, ժամը 23.05-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դարպաս գյուղի Գործարանային փողոցում գտնվող արտադրամասի տարածքում մահացել է 68-ամյա պահակը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ ժամը 20.40-ի սահմաններում տղամարդու դին հայտնաբերել էր նրա կինը։ Դիակի արտաքին զննությամբ գլխին վնասվածք էր հայտնաբերվել։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։

ՔՈԳ, Լոռու մարզային վարչությունների և Գուգարքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, որոնց արդյունքում հայտնի դարձավ նաև կասկածվողի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի արդյունքում, օգոստոսի 4-ին, ժամը 12.45-ին, Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանության Գուգարքի բաժին։

Նա հայտնել է, որ ինքն է մետաղյա ձողով երկու անգամ խփել պահակի գլխին: Դեպքի վայրի զննությամբ հանցագործության գործիքը հայտնաբերվել և վերցվել է: Տղամարդը ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները պարզվում են։