«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարեբախտաբար ՀՀ-ում շարունակում է բարելավվել և օգոստոսի 4-ին հունիսի 4-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսով վարակված ակտիվ դեպքերի, այսինքն բուժման մեջ գտնվող քաղաքացիների թիվը պակաս է 8000-ից և մենք, ըստ էության, բոլոր ցուցանիշների գծով ունեցել ենք կամ գտնվում ենք մայիսի վերջին կամ հունիսի առաջին շաբաթվա ժամանակ արձանագրված թվերի մակարդակին» ,-այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս բարենպաստ զարգացումներն իրենց հետ բերել են վատ լուրեր.«Իսկ վատ լուրն այն է և նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ քաղաքացիները թվերի այս անկումը, վարակի աճի տեմպի անկումը սկսել են մեկնաբանել որպես հակահամաճարակային կանոնները չպահպանելու առիթ և նույնիսկ այնպիսի իրավիճակ է, որ շատերին թվում է, թե կորոնովիրուսի հետ կապված իրավիճակը հաղթահարված է, դա ամենևին այդպես չէ։ Կարող ենք ասել, որ համաճարակային իրավիճակը ՀՀ-ում շարունակում է մնալ բարդ, եթե մեր արձագանքն այս իրավիճակին չլինի պատշաճ, այն առումով, որ մենք առավել մեծ ջանքեր ներդնենք հակահամաճարակային կանոնները պահպանելու ուղղությամբ, մենք կարող ենք նորից իրավիճակը հետ գլորել հուլիսի առաջին շաբաթվա իրավիճակին,որը պիկն ու գագաթնակետն է»։
Փաշինյանի խոսքով՝ հակահամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը.«Մենք պետք է խստորեն հետևենք այս կանոնների պահպանմանը, ոստիկանությունը շարունակում է հետևել, որպեսզի քաղաքացիները պատշաճ ձևով հետևեն կանոններին»։