Այսօր քննարկում ենք հարցեր՝ կապված Սահմանադրական  դատարանի ապագա դատավորների եւ թեկնածուների հետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

«Տեսակետներ, փաստեր հնչեցվեցին, յուրաքանչյուր պատգամավոր իր խղճի առաջ քվեարկություն կկատարի՝ կողմ, կամ դեմ։ Թեկնածուն պետք է լինի ապաքաղաքականացված անձ, ունենա մասնագիտական գիտելիքներ, որպեսզի մոտակա 12 տարվա մեջ իրականացնի սահմանադրական արդարադատություն։ Մենք ընտրում ենք այսօր, բայց կարող ինքը լրիվ այլ իշխանության օրոք իրականացնի արդարադատություն»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրած Արթուր Վաղարշյանի թեկնածությանը, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց․ «Երբ ԱԺ-ն որոշում է կայացնում, որոշակի սկզբունքների վրա է դա անում, եթե մենք ընտրում ենք իքս թեկնածուին, եւ եթե նա համապատասխանում է որոշակի ստանադարտներին, դրական արձագանք է ստանում, եթե չի համապատասխանում, ապա ես իմ որոշումը ինչպես կարող եմ փոխել։ Այսինքն՝ եթե ես քվեարկել եմ մի կերպ, ես նույն ձեւ էլ այսօր կքվեարկեմ, վաղն էլ։ Մի քիչ անհասականալի է նախագահի մոտեցումը, որ նույն թեկնածուին է առաջադրում՝ հասկանալով, որ ընտրողը նույնն է եւ այդ ընտրողը արդեն իր որոշումը կայացրել է եւ իր որոշման փոփոխության գործակիցներ նախագահը չի ներկայացնում»։

Լրագրողի դիտարկմանը, որ Կառավարության կողմից առաջադրված Վահրամ Ավետիսյանի հայրը «Մարտի 1-ի» գործով է զբաղվել եւ «Մարտի 1-ի» զոհերի հարազատները պնդում են, որ նա չպետք է գնա Սահմանադրական դատարան, պատգամավորն ասաց, որ եթե հարցն այն է՝ հնարավոր է շահերի բախում լինի, սա քննարկելու հարց է յուրաքանչյուր պատգամավորի համար. «Որպեսզի ընկալենք՝ արդյոք մենք ընտրում են ՍԴ դատավոր հասկանալով որ ինքը մի շարք գործերով չի կարող մասնակցել եւ դա խոչընդոտ կհանդիսանա մնացած գործերի համար։ Սակայն եթե շեշտադրումն այն է, որ Ստալինյան ժամանակահատվածում հայրը պաշտոն զբաղեցնելուց հետո որդին իրավունք չունի մեր հասարակությունում տեղ ունենալ, նման շեշտադրումն անընդունելի է»։