Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը,   2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի:  Այս մասին նախօրեին հայտնել էին Հայաստանի գլխավոր դատախազությունից: Մինչ այդ Ռուսաստանի իրավապահները դադարեցրել էին իրենց տարածքում գտնվող, Հայաստանի քաղաքացի, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ Հայաստանի իրավապահների կողմից մայիսից հայտարարված հետախուզումը։

Այսօր էլ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով:

Ռուբեն Հայրապետյանը՝ նախկին իշխանության կարկառուն դեմքերից էր, մաս էր կազմում քրեաօլիգարխիկ բուրգի: Պաշտոնավարման տարիներին բազմաթիվ աղմկահարույց պատմություններով էր հայտնի: Հայտնի էր նաեւ դեպքերին  և երեւույթներին ցինիկ պատասխանելու վարպետությամբ: Օրինակ  2012 թվականին իր ասուլիսներից մեկում,  Հայրապետյանը հպարտանում էր, որ Ավանում ակտիվորեն պայքարում է  թմրամոլների դեմ, պատժում է նրանց, իր մեթոդներով, ծեծում էր, հո ջութակ չէր նվագելու:

Բացի այս աղմկահարույց խոստովանությունից, իրեն օրենքից վեր դասելու և պատժիչ մեթոդներ կիրառելուց, Հայրապետյանի անունը այլ պատմություններում է հայտնի: Նրան պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրում, իր անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի արդյունքում մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Հասարակությունը ցնցված էր կատարվածից, արդարացիորեն օրվա իշխանություններից պահանջում էր պատժել Ռուբեն Հայրապետյանին, բայց պահանջը չկատարվեց, պատճառն առավել քան ակնհայտ էր, հին Հայաստանում յուրայինների նկատմամբ հարցերը օրենքով չէին լուծվում, կար տղայական, ընկերական ու նեղ կուսակցական շահեր: Հայրապետյանն այդ շահերի կրողն էր:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ի թիվս այլ նախկին գործիչների քրեական գործ հարուցվեց նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Հայրապետյան Ռուբենի նկատմամբ: Նախկին իշխանության ներկայացուցիչը մեղադրվում է  իր նախկին աշխատակցին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության, լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություները չարաշահելուն դրդելու համար։ Ըստ քրեական մյուս գործի  էլ՝ 800 միլիոն դրամ արժողությամբ հողակտորը 2014-ին Երևանի քաղաքապետարանի հայտարարած աճուրդում ավելի քան 169 միլիոն դրամով գնել են Հայրապետյանի հետ փոխկապակցված անձինք, ինչից հետո էլ այն ձևական նվիրատվություններով բաժին է հասել Հայրապետյանի ընտանիքի անդամներին։

Հայրապետյանը, ինչպես իր կուսակից գործընկերները ու թիմակիցները ովքեր անցնում են տարբեր քրեական գործերով հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, որ այն շինծու է:

Հետո Ռուբեն Հայրապետյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք մեկնեց բուժման 4 ամիս առաջ՝ մարտին։ Փաստաբանն այն ժամանակ պնդում էր, թե նա պատրաստ էր վերադառնալ Հայաստան, սակայն կորոնավիրուսի պայմաններում, երբ թռիչքներ չկային, Հայրապետյանի վերադարձը դժվար էր կազմակերպել։ Սրան հետևել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան պատրաստակամությունը աջակցել Հայրապետյանին վերադառնալ հայրենիք։ Բայց հետո էլ փաստաբանը հայտարարեց, թե բուժման նպատակով Ռուսաստան մեկնած Հայրապետյանի բժիշկը կորոնավիրուսի պատճառով նրան հորդորել է ռիսկի չդիմել։

Մոսկվայում գտնվելու ժամանակ էլ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ի ցուցակով Հայաստանի օրենսդիր մարմնի անդամ է դարձել ՌԴ քաղաքացին: Հերթական բացահայտումը ապացույցն է այն բանի, որ 2018-ի հայտնի իրադարձություններից առաջ գործ ենք ունեցել երկրի մայր օրենքը խախտող իշխանության հետ: Թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները, ցույց կտա ժամանակը: Հույս ենք հայտնում, որ կորոնավիրուսի վարակը, որը Հայաստանում հաղթահարվում է, հնարավորություն կստեղծի օրենքից չփախչող Հայրապետյանին օր առաջ վերադառնալ Հայաստան, կանգնել արդարադատության առաջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռուբեն Հայրապետյան. ռուսական անձնագրով՝ ՀՀ պաշտոնյա

Ռուբեն Հայրապետյան. ռուսական անձնագրով՝ ՀՀ պաշտոնյա

Gepostet von Irakanum.am am Mittwoch, 5. August 2020