Շուտով ռուսական շուկայում հայտնվելիք պատվաստանյութը երեխաների համար հասանելի չի լինի, քանի որ ըստ օրենքի՝ երեխաների համար նախատեսված պատվաստանյութերը պետք է հավելյալ ստուգումներ անցնեն ու փորձարկումների ենթարկվեն, գրում է eadaily.com-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ռուսաստանում մշակված պատվաստանյութն առայժմ փորձարկվել է այն ծավալով, որը թույլ է տալիս դեղամիջոցի կիրառումը միայն մեծահասակների վրա: Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության Ն․ Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Լիահույս եմ, որ պատվաստանյութը հարմար կլինի երեխաների համար, սակայն, ըստ ՌԴ օրենսդրության, պատվաստանյութը կարելի է երեխաների վրա փորձարկել ու արդեն նոր դեղամիջոցն առաջարկել միայն այն դեպքում, եթե այն անցել է մեծահասակների վրա փորձարկումների ամբողջական փուլը: Ուստի, երբ ավարտվի փորձարկումների երրորդ փուլը, մեզ թույլ կտան 18 տարեկանից փոքրերի շրջանում ուսումնասիրություններ կատարել»,-մանրամասնել է Գինցբուրգը:

ՌԴ Սեչենովի անվան համալսարանի տրանսլիացիոն բժշկության և բիոտեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Վադիմ Տարասովը, իր հերթին, բացատրել է, որ երեխաներին անհապաղ պատվաստելու կարիք չկա, քանի որ նրանք ռիսկային խմբում չեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած պատվաստանյութը կգրանցվի օգոստոսի 10-12-ին ու քաղաքացիների համար հասանելի կդառնա արդեն ամսի 15-ից: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, իր հերթին, հայտնել էր, որ կլինիկական փորձակումների արդյունքում ռուսական պատվաստանյութն ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը: