Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 55-ամյա Անդրանիկ Աթանեսյանը իր վարած Կամազ մակնիշի ավտոմեքենայով Կապան-Գորիս ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքն ու այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ դիզվառելիքի արտահոսք է տեղի ունեցել;

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com