SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 1-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Գարեգին Հախինյանից, ով հայտնել է, որ հարձակում է տեղի ունեցել իրեն պատկանող խանութի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Կարապետյանն ու նույն քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արարատ Ուլուխանյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 09։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի 5/1 հասցեում գործող «Մանկիկ» ոսկյա և արծաթյա նվերների խանութում զինվորական համազգեստի նմանվող համազգեստով 2 անձինք պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով ու գլխարկներով մտել են խանութ և հայտնել, որ ցանկանում են հուշանվեր դանակ գնել։ Վաճառողը՝ Ալավերդի քաղաքի բնակչուհին, նրանց տեսած դանակը տալիս է նրանց, սակայն նրանք հայտնում են, որ չեն հավանում դանակը, ու երբ վաճառողուհին ցանկացել է դանակը դնել տեղը, նշված անձինք մոտենում են նրան, և նրանցից մեկը դանակի սպառնալիքով վաճառողուհուն պառկեցնում է գետնին, այնուհետև կպչուն ժապավենով փակում են բերանը, կապիչով կապում են ձեռքերը և կյանքի համար վտանգավոր եղանակով սպառնալիքներ տալով՝ պահանջում են խանութում պահվող ոսկյա և արծաթյա զարդերի երկաթյա չհրկիզվող պահարանի բանալիները։

Նրանք վաճառողուհո պայուսակում հայտնաբերում են բանալիների խուրձ, փորձում են տարբերակել, թե որ բանալին կլինի և տեսնելով, որ չեն կարողանում բացել «սեյֆը», նրանցից մեկը իր մոտ եղած հրազենով կրակում է և վաճառողուհուն սպառնալիքներ տալով՝ վախեցնում է՝ ասելով. «Ճիշտ նկարագրի չհրկիզվող պահարանը բացելու ձևը»։ Որոշ ժամանակ տեսնելով, որ չեն կարողանում բացել երկաթյա պահարանը, դիմում են փախուստի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված խանութը պատկանում է ոստիկանության նախկին աշխատակից Գ. Հախինյանին, իսկ չհրկիզվող պահարանում եղել է մոտ 10 մլն դրամ ընդհանուր արժողության ոսկյա և արծաթյա և ադամանդե զարդեր։ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com