Հայկ Մարությանը, ով կոմիկ դերասանից սահուն անցում կատարեց Երևանի քաղաքապետի պաշտոնին, կեղծ արժեքների կրող է։ Քաղաքապետի պաշտոնում հայտնվելուց հետո նա կորցրեց նաեւ հումորի զգացումը (Նիկոլ Փաշինյանին ուղղված ձայնային հաղորդագրությունը թերեւս վառ ապացույց)։ Բայց մեր ասելիքը բնավ այդ մասին չէ։

Մարության Հայկը, ով մինչ քաղաքապետ աշխատելը պայքարում էր Երեւանի ամեն մի թփի ու ծառի համար, այսօր գրչի մեկ հարվածով գետին է տապալել իր ամբողջ պայքարը։

Տարոնը չկարողացավ, Հայկը կարողացավ. Հայկ, ՍԻՐՈՒՆ ՉԻ՛ Երևանի քաղաքապետի ապտակը երևանցիներիս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը եւ տեսանյութ հրապարակել, որում ներկայացնում է Մաշտոցի պուրակում տիրող իրավիճակը:
«Ես նկարներից տեսել էի, որ կտրել են, փաստորեն նաեւ մեջի բոլոր ծառերն են կտրել, որոնք կատեգորիկ արգելված են: Մասնագետները, որ ասում էին, թող գան, նայեն Երեւանի սիմվոլ սոսին ինչ վիճակում է, փաստորեն կչորացնեն, այստեղ կատարյալ խայտառակություն է: Մի ծառ կար, որ այնպես էին վնասել, խնդրեցինք կտրել, մնացածը համաձայնեցինք , որպես չարյաց փոքրագույն: Բայց կարող ենք ասել, որ Մաշտոցի պուրակի այգու կեսը քաղաքապետի գրիչի մեկ հարվածով ուղղակի ոչնչացվեց»,-ասաց նա:
Արմեն Բեգոյանը հիշեցրեց,որ Մաշտոցի պուրակը այն այգին է, որտեղ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք ցանկանում էին կրպակներ եւ տաղավարներ կառուցեին, եւ բողոքի ակցիաներին էլ Հայկ Մարությանն էր մասնակցում:
«Խնդրեմ,այստեղ կորուստներն ուղղակի անդառնալի են: Ծառ պարտավոր են տնկել, բայց ոչ թե ոչնչացնել 50 տարվա եղածը»,- հավելեց նա:

Ինչո՞ւ Հայկ Մարությանը, ով ի պաշտոնե կարող էր թույլ չտալ նման վայրագություն, գնաց այդ քայլին։ Պատասխանն առավել քան ակնհայտ է։ Մարությանը, շնորհիվ Նիկոլ Փաշինյանի արած քայլի, այսօր վայելքների մեջ է։ Նրան չի հետաքրքրում Երեւանն ու երեւանցին, նրան անգամ չի հետաքրքրում իր անցյալը։ Չէ, որ գործող իշխանությունը բազմիցս է հայտարարել հնին վերադարձ չկա։ Իսկ հնում իրենք ուրիշ էին։ Ուրիշ էր նաեւ Մարության Հայկը։ Հիմա իրավիճակ է փոխվել։ Մարությանն էլ մտածում է մի ծառ էս կողմ, մի ծառ էն կողմ, հո՞ դրանից իր պարգևավճարները չեն պակասում։

Կեղծ եք պարոնայք, այդպիսին եղել եք միշտ։ Որովհետեւ բնությունը, քաղաքն ու հայրենիքը պահի ու իրավիճակի թելադրանքով չեն սիրում։ Սերը կամ լինում է, կամ չի լինում։ Ձեր մոտ այն միշտ է բացակայել, ուղղակի հմտորեն կարողացել եք թաքցնել՝ որոշներից։

Հույս ենք հայտնում, որ Մարությանի թիմի անդամները, գոնե նրանք, ովքեր Մաշտոցի պուրակում օրեր շարունակ պայքարում էին կրպակներ տեղադրելու Տարոն Մարգարյանի որոշման դեմ, քաղաքապետին հանդիպելիս համարձակություն կունենան ասելու․ «Հայկ ջան, սիրուն չի»։

Irakanum.am