Այսօր կառավարության որոշմամբ բնակարանի գնման վկայագրեր են տրամադրվում 1991թ-ից առ 2019թ. ներառյալ ՀՀ պետական մանկատներից 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրված ՀՀ քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտներին, որոնք չունեն սեփականության իրավունքով բնակտարածություն և բնակտարածություն չեն օտարել դիմելու պահին նախորդած 5 տարիների ընթացքում:

Նախնական գնահատումով նման շրջանավարտների թվաքանակը կազմում էր շուրջ 300: Արդեն իսկ 133 շրջանավարտների համար որոշումը կայացված է, նրանք ստացել են ԲԳՎ-ները, ընդ որում շուրջ 50-ն արդեն ձեռք են բերել նաև բնակարաններ:

Որոշման ուժի մեջ մտնելուց հետո ավելի քան 130 դիմողների մերժվել է ԲԳՎ-ի տրամադրումը՝ տարբեր պատճառներով: Կառավարության այս որոշմամբ ՝1991 թվականից առ 2019թ. ներառյալ ամբողջ ժամանակահատվածում ՀՀ մանկատներում խնամված, ինչ-ինչ պատճառներով որոշման պահանջներին ֆորմալ չբավարարող տվյալներ ունեցող, բայց իրենց իրավիճակով ԲԳՎ-ի կարիք ունեցող անձանց բնակարանի խնդիրը կլուծվի։ Որոշման նախագծով առաջարկվում է ԲԳՎ տրամադրել նրանցից ընդամենը 24-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մանկատան սաների առաջ իրենց ունեցած ամենամեծ պարտավորությունը պետք է լինի կրթական պարտավորությունը։ «Մանկատան սաները պետք է ստանան այնպիսի կրթություն, որ հետագա կյանքում ապահովվի նրանց՝ սեփական բարեկեցությունը աշխատանքով կառուցելու հնարավորությունը, ու մարդիկ փակուղու մեջ չհայտնվեն»,-ասաց նա։