«Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողներն այսօր՝ հուլիսի 30-ին կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում եւ պահանջում են միջոցներ ձեռնարկել Ամուլսարի հանքը բացելու համար:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Լիդիանի» նախկին աշխատակիցներից մեկը՝ Վիրաբ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հորդորել էր ճանապարհները բացել. «Բայց հորդորելով ոչ ոք ճանապարհ չի բացի: Էդ մարդիկ, որ փակել են ճանապարհը 2 տարի ոչ մի տեղ չեն աշխատում, բայց ապրում են: Ես տարբեր աշխատանքներ եմ անում, չեմ կարողանում ծախսերս հասցնեմ, էդ մարդիկ 2 տարի ինչո՞վ են ապրում: 20 գոհով չպետք է որոշեն, թե Գնդեւազի բնակիչների 80 տոկոսի կյանքը ինչպես պետք է լինի»:

Հարցին՝ ինչպես են ապրում   «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողները, նրանցից մեկը նշեց ՝ եթե սա ապրել է, ուրեմն, այո դեռ ապրում եմ. «Մենք էլ երկու տարի աշխատանք չունենք, բանկերից վարկեր ունենք վերցրած, չենք կարողանում փակել: Երեխաներիս ուսման վարձը չենք կարողանում տալ»:

Ակցիայի ընթացքում ոստիկանության աշխատակիցները բարձրախոսով հորդորում են դադարեցնել հավաքը, հակառակ դեպքում՝ բերման կենթարկեն: