Տավուշի մարզի Բերդ համայնքում Թումո շարժական կենտրոն կկառուցվի։ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հողամաս հետ վերցնել Բերդի ավագ դպրոցից ու անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սիմոնյան կրթական հիմնադրամին»՝ Թումո շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ սա շատ կարևոր նախագիծ է, որը Թումոն գործարկել է նախորդ տարի։ «Այս նախագծի շրջանակներում շարժական այս կենտրոնների միջոցով Թումոն իրականացնելու է դասընթացների այն մի հատվածը, որը հիմնական կենտրոններում է իրականացվում։ Բացի դա, մեր նախարարության հետ նախնական քննարկումների արդյունքում պայմանավորվել ենք, որ այդ տարածքները կարող են տրամադրվել նաև ուսուցիչների վերապատրաստումներ իրականացնելու համար։ Սա առաջինն է նման պրոյեկտի մեջ, բայց Թումոն նախատեսում է, որ դրանք տարբեր մարզերում իրականացվելու են։ Շարժական են, և մեկ վայրում արդյունավետությունը սպառելուց հետո կարող են տեղափոխվել նաև այլ համայնքներ»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության բոլոր ռազմավարությունների հիմքում կա մի կարևոր բաղադրիչ՝ կրթականը։ «Եվ իմ համոզմունքն այն է , որ ցանկացած ռազմավարության մեջ, այնտեղ, որտեղ չկա կրթական կոմպոնենտ, այդ ռազմավարությունների մեջ մենք չենք կարող հաջողել։ Թումոյի մուտքը Բերդի տարածաշրջան շատ կարևոր է»,- ասաց Փաշինյանը։