«Հայկական բնապահպանական ճակատն» իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ստացել է ՀՀ ոստիկանության պատասխանն այն մասին, որ կատարվում են ուսումնասիրություններ Ամուլսարի տարածքում՝ «ՀԱՏՈՒԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից պահնորդական ծառայությունների մատուցման ընթացքում հնարավոր խախտումներ թույլ տալու հանգամանքները պարզելու նպատակով, և վերջնական պատասխանը կլինի մինչև օգոստոսի 21-ը։

Հարցման բովանդակությունը հետևյալն էր․

1․ Ամուլսարի տարածքում պահնորդական «ՀԱՏՈՒԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ն (ՀՎՀՀ 01276734) իրականացնում է ծառայություն 2020թ-ի հունիսի 30-ից, և բազմիցս նկատվել է, տեսանկարահանվել է ու տեղեկացվել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին, թե ինչպես են պահնորդները խախտում Մասնավոր պահնորդական գործունեության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետը․ «Հատուկ համազգեստը տեսանելի կերպով պարունակելու է կամ նրան փակցվելու է պահնորդի (թիկնապահի) անունը, ազգանունը և պահնորդական կազմակերպության ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը»: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՀ ոստիկանությունն՝ այս խախտումներին իրավական գնահատական տալու և համապատասխան պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ, քանի որ պահնորդները ծառայություն են իրականացրել առանց անունը, ազգանունը տեսանելի պարունակող համազգեստի։

2․ Նույն օրենքի 12-րդ հոդվածի 2 և 3 կետերի համաձայն՝

«2. Թիկնապահի և պահնորդի աշխատանքին հավակնող անձը աշխատանքային պայմանագիր կնքելիս աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի հետ մեկտեղ պարտավոր է ներկայացնել իր կողմից հատուկ պատրաստություն (որակավորում) անցնելը հավաստող փաստաթուղթ:

3. Թիկնապահի և պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու և թիկնապահական և պահնորդական գործառույթներ իրականացնելու (այդ թվում` զենքի օգտագործմամբ

և հատուկ միջոցների գործադրմամբ) իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն թիկնապահի կամ պահնորդի որակավորում»:

Այս առումով խնդրում ենք տեղեկացնել մեզ, թե 2020թ-ի հունիսի 30-ի դրությամբ «ՀԱՏՈՒԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ն․

ա․ Քանի՞ թիկնապահի կամ պահնորդի որակավորում ունեցող աշխատակից է ունեցել, որոնք ունեցել են հատուկ պատրաստություն (որակավորում) անցնելը հավաստող փաստաթուղթ, և

բ․ Նրանցից քանիսն են հունիսի 30-ից առ այսօր ծառայություն իրականացնում Ամուլսարի տարածքում։