«Լիդիան» ընկերության նախկին աշխատակիցները դատական հայց են ներկայացրել ՀՀ ոստիկանության դեմ։ Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցին ընկերության արդե նախկին աշխատակիցներ՝ Արթուր Հովսեփյանը և Լիաննա Հովսեփյանը։ Նախկին աշխատակիցները հայտնեցին, որ արդեն երկար ժամանակ է չեն աշխատում, քանի որ տասը հոգի որոշել է փակել Ամուլսար տանող ճանապարհը։ «2018 թվականից մեր հանքը չի աշխատում, փորձել ենք մի քանի անգամ դիմել կառավարությանը, վարչապետին, գիտեք, որ մի շարք ստուգումներ է անցել Ամուլսարը, և այդ ստուգումների արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել, միեւնույնն է մենք չենք գործում։ Տեսնելով, որ մեր ձայնը լսելի չէ, մեր դիմումները ընթացք չեն ստանում, մենք որոշել ենք, այն աշխառտակիցները ովքեր ապօրինաբար զրկվել են աշխատանքից, որոշեցինք դիմել դատարան՝ փետրվար ամսին։ Մեր դիմումն ընթացքի մեջ է, մեզ միացել է մոտ հարյուր նախկին աշխատակից։ Չենք հասկանում կառավարության մոտեցումը, լռում է, ոչինչ չի անում»,- ասաց Լիաննա Հովսեփյանը։ Նա նշեց, որ վերջերս էլ քաշքշուկ է եղել ոստիկանների և բնապահպանների միջեւ։ Այստեղ նրանց զարմացրել է ոստիկանապետի հայտարարությունը։ «Տեսաք, թե ինչ ասեց ոստիկանապետը, որ ինքը աջակցում է ակտիվիստներին, ամեն հարցում իրենց կողքին է։ Հիմա հարց է ծագում, այս ամենը, որ կատարվում է կառավարության կողմից թույլտրված է՞, իրանք անո՞ւմ են այն, ինչ ուզում են։ Մեր հարցի լուծումը որտեղ է լինելու, ինչպես է լուծվելու»,- հարցադրում է անում Լիաննա Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ անցնող երկու տարիների ընթացքում իրենց նախկին գործընկերներից շատերը ստիպված են եղել արտագաղթել։ «Անվերջ խոսում են այն մասին, որ արտագաղթ չլինի, մարդիկ այստեղ բարեկեցիկ ապրեն, բայց կներեք մեր գործընկերներից շատերը զրկվել են բարեկեցիկ կյանքից»,- ասաց նա, հավելելով, որ «Լիդիան» ընկերությունում իրենք բարձր աշխատավարձ են ստացել։ Կարո՞ղ է կառավարությունը վերջնական որոշում կայացնի, մենք աշխատելու ենք, թե՞ ոչ։ Թող հարցի պատասխանը տան։

Ոստիկանության դեմ դատական հայց ներկայացնելու պահանջն ըստ բանախոսների կայանում է նրանում, որ կառավարությունը անվերջ փորձել է մանևրել, չտալ այն հարցի պատասխանը՝ հանքը շահագործվելու է, թե ոչ։ Իրենք էլ իրենց խաբված զգալով, դիմել են դատարան։
Ասուլիսին ներկա էր նաեւ Արթուր Հովսեփյանի և Լիաննա Հովսեփյանի փաստաբան Արմեն Մելքումյանը։ Նա ասաց, որ ընկերության նախկին 36 աշխատակիցների դիմումով է հայցը ներկայացվել, որին միացել է ևս 85 նախկին աշխատակից։ «Մենք ունենք իհարկե տասնյակ այլ դիմումներ, ովքեր ցանկանում են միանալ։ Ապօրինի հանքը փակված է մի խումբ անձանց կողմից, ովքեր հանդես են գալիս բնակիչների անուններից, իրականում փաստ չկա։ Հայցի հիմքում դրված է ոստիկանության անգործությունը»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ ոստիկանությունը չի պաշտպանում աշխատակիցների կողմից իրենց իրավունքների պաշտպանությունը, չեն հետապնդում այն անձանց, ովքեր ըստ փաստաբանի ապօրինի փակել են ճանապարհը։ «Սա աննախադեպ է այս պահանջը, չկա զարգացած երկիր, որտեղ դուք կգտնեք, որ տաս- քսան հոգի կարող են փակել խոշոր ներդրողի կողմից ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունքը, խորչընդոտել աշխատակիցների աշխատանքը, ոստիկանների կողմից էլ դրսեւորվի անգործություն»,- նշեց Արմեն Մելքումյանը, հավելելով, որ կոնկրետ Ամուլսարի հարակից տարածքում ոստիկանություն, պետություն գոյություն չունենք։

Արմեն Մելքումյանն ասաց, որ եթե Հայաստանի դատական ատյաններում իրենց խնդիրը լուծում չստանա, կդիմեն Եվրոպական դատարան։

Նախկին աշխատակիցներից Արթուր Հովսեփյանն էլ ասաց, որ իրականում միֆ է շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ ազդակիր համայնքների բոլոր բնակիչները դեմ են հանքի շահագործմանը։ Հովսեփյանն ասաց, որ բազմաթիվ մարդիկ պատրաստ են աշխատել «Լիդիան»-ում։

Irakanum.am