Irakanum.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքներն իհարկե այս պահին հաշվարկել հնարավոր չէ, բայց ձեր գնահատմամբ, որքանով տուժեց ՀՀ տնտեսությունը:

Եթե հիմնվենք պաշտոնական տվյալների, այն է՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2020 առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ տվյալների վրա, ապա տնտեսական անկումը Հայաստանում նշված ժամանակահատվածում կազմել է 4.7%։ Ըստ նույն աղբյուրի՝ տնտեսության հիմնական ոլորտներում անկումը դեռ շարունակվում է, այսպես՝ շինարարության ոլորտում անկումը կազմել է 23.4%, առևտրի շրջանառությունը կրճատվել է 11.1% -ով, ծառայությունների ծավալը(առանց առևտրի) կրճատվել է 6.4%-ով, արտահանումը նվազել է 6.5%-ով, ներմուծումը նվազել է 12.9%-ով։ Սրանք իհարկե պաշտոնական տվյալներ են, իսկ իմ գնահատմամբ անկումը ավելի խորն է։
Իհարկե, Հայաստանի տնտեսության վնասի կոնկրետ թվային գնահատական տալը մի փոքր պայմանակ կլինի, սակայն պաշտոնական ցուցանիշների վրա հիմնվելով այն կազմում է շուրջ 307 մլրդ դրամ։ Սա իհարկե ամենամեղմ գնահատումով, իսկ իրականում կարծում եմ զգալիորեն ավելի շատ։

Կորոնավարակի հետևանքները մեղմելու իշխանության վարած տնտեսական քաղաքականությունը որքանո՞վ էր արդյունավետ:

Հայաստանի կառավարությունը մինչ օրս ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման թվով 22 հակաճգնաժամային միջոցառումներ, որոնցից 9-ը տնտեսական ուղղվածության, իսկ 13-ը՝ սոցիալական։ Այդ միջոցառումների արդյունավետությունը կարող ենք գնահատել բնականաբար թվային համապատասխան ցուցանիշներով՝ դրանց ֆինանսավորման ծավալը և վերջինիս հարաբերակցությունը մեր երկրի ՀՆԱ-ին։ Այսպես, Հայաստանի կառավարության կողմից հայտարարված հակաճգնաժամային ընդհանուր աջակցության ծավալը կազմել է 150 մլրդ դրամ, որի հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմում է 2.3%, իսկ եթե հաշվի առնենք միայն աջակցության գծով փաստացի հատկացվելիք միջոցները՝ ապա վերջինս ավելի ցածր է։ Իհարկե, այս միջոցառումներով հնարավոր է եղել մասնակիորեն չեզոքացնել ճգնաժամի ազդեցությունները, լուծվել են որոշակի խնդիրներ, սակայն դրանց ծավալը բավական քիչ է՝ խոսելու համավարակի տնտեսական հետևանքների լիակատար չեզոքացման մասին։ Համեմատության համար նշենք, որ արտասահմանյան երկրներում նշված ցուցանիշն անհամեմատ ավելի բարձր է, օրինակ, ԱՄՆ՝ 10%, Մեծ Բրիտանիա՝15%, Իտալիա՝18%, Իսպանիա՝ 15%, Ֆրանսիա՝ 21% Շվեյցարիա՝6.5%, Լեհաստան՝ 10%, Էստոնիա՝ 8%, Վրաստան՝ 6%, Լիտվա՝4.7% և այլն։ Հաշվի առնելով վերոգրյալը, չենք կարող խոսել այդ միջոցառումների բարձր արդյունավետության մասին։

Ինչը կարող էր որոշակի առումով դրական ազդակ հաղորդել ՀՀ տնտեսությանը:

Նախևառաջ, Հայաստանի տնտեսության համար դրական ազդակ կարող է հանդիսանալ տնտեսության մեջ ֆինանսական մեծ ներարկումները, որը ներկա պահին ինչպես տեսնում ենք բավարար չէ։
Սակայն, տնտեսությանը դրական ազդակ հաղորդելու ամենակարևոր պայմանը դա վերջինիս մեջ լայնածավալ ֆինանսական ներակումներն են։ Ցանկացած տնտեսական ճգնաժամի ժամանակ խրախուսվում է, որպեսզի կառավարությունները ընդլայնեն տնտեսության ֆինանսավորումը, ինչպես տարբեր ոլորտներին տրամադրվող աջակցության, այնպես էլ բյուջետային ծախսերի ընդլայնման միջոցով։ Սա իհարկե կբերի պետական բյուջեի դեֆիցիտի աճի, սակայն եթե այդպիքի քայլերի չգնանք, հետագայում տնտեսությունը խորը դեպրեսիայից դուրս բերելու համար կպահանջվեն ավելի մեծ ռեսուրսներ և ավելի երկար ժամանակ։ Ուստի, պատահական չէ, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և միջազգային տնտեսական այլ կառույցների ներկայացուցիչները բազմիցս հորդորում են կառավարություններին ընդլայնել տնտեսության մեջ ֆինանսական ռեսուրսների ներարկումները։
Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս շուտ վերաբացվեն բոլոր այն տնտեսական գործունեությունները, որոնք մինչ օրս հարկադիր դադարեցված են կամ գտնվում են այսպես կոչված «lockdown»-ի տակ, իհարկե համավարակի կանխարգելումն ապահովող անհրաժեշտ պայմանների պահպանմամբ։ Սա թույլ կտա որպեսզի տնտեսությունը որոշակիորեն ակտիվանա, իհարկե ոչ ամբողջ ներուժով, քանի որ կան ոլորտներ, որոնցում դեռ անորոշ ժամանակով տնտեսական ակտիվությունը ցածր կլինի՝ զբոսաշրջություն, հյուրանոցային տնտեսություն, ուղևորափոխադրումներ և այլն։

Որքանով է Հայաստանը գրավիչ օտարերկրյա ներդրողի համար:

Ներդրումների մեծ ներհոսքեր ապահովելու համար անհրաժեշտ են հիմնավոր օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Փաստացի, այս պահին որևէ օրենսդրական բարեփոխում այս ոլորտում դեռ չունենք։ Այժմ դեռ գործում է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է դեռևս 1994 թվականին և վաղուց արդեն չի հսմապատասխանում թե՛ միջազգային չափանիշներին և թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման հրամայականներին։ Նշված օրենքով թեև սահմանված են մի շարք երաշխիքներ՝ կապված ներդրողների իրավական պաշտպանվածության, օրենսդրության փոփոխությունների և ազգայնացման դեպքում ներդրողների իրավունքների պաշտպանության հետ, սակայն դրանք ներկայումս չեն համապատասխանում ներդրողների իրավական պաշտպանության ոլորտի ժամանակակից միջազգային չափանիշներին: Ավելին, օրենքում ամրագրված չեն այդ երաշխիքների իրագործման հստակ մեխանիզմները, ինչպես նաև դրանց խախտման դեպքերում ներդրողների օրինական իրավունքների վերականգնման ընթացակարգերը: Օրենսդրության նման անկատարության պայմաններում, բնականաբար չի կարող խոսք գնալ ներդրումների լուրջ ներհոսքի մասին։ Բացի այդ միջազգային վարկանիշներով ունենք նաև որոշակի հետընթաց, իսկ ցանկացած ներդրողի իրականում հետաքրքրում է ինչպես իր շահերի պաշտպանության պատշաճ երաշխիքների օրենսդրական ամրագրումը, այնպես էլ բիզնես հիմնելու և վարելու դյուրինությունը, իսկ դրանց հետ կապված ևս առկա են որոշակի խնդիրներ։

Irakanum.am