Շարունակվում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների ուժեղացված ստուգայցերը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Արդյունքում արձանագրվում են ՀՀ պարետի որոշումներով ամրագրված նորմերի կատարման նկատմամբ հնարավոր բոլոր խախտումները և ներկայացվում ՀՀ պարետատուն:

Կորոնավարակի դեմ պայքարով պայմանավորված՝ սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար այսօր հանրապետությունում կասեցվել է մոտ վեց  տասնյակ կազմակերպությունների աշխատանքը: Դրանցից մեկի՝ Սևանա լճի  ափին գործող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով: Այսպիսի պատժաչափ արտակարգ դրության ընթացքում կիրառվում է առաջին անգամ։ Այստեղ խախտվել են կենդանի կատարմամբ երաժտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված  համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները:

Եվս մեկ խիստ կասեցում․ յոթ օրով կասեցվել է Երևանի «Արմհուկա» ՍՊԸ-ին  պատկանող  օբյեկտի աշխատանքը. այստեղ շարունակել են մատուցել նարգիլե, ինչը արգելված է պարետի որոշմամբ:

ՍԱՏՄ-ն, COVID 19 համավարակը շուտափույթ հաղթահարելու նպատակով, իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում, այսուհետ էլ խստորեն հետամուտ կլինի պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերի պահպանմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: