Բուհ չընդունված դիմորդներն այսօր՝ հուլիսի 28-ին Աստվածաշունչ նվիրեցին Կրթության, գիտության,մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

«Նախարարն ինձ է ուղարկել, որ գամ նվերը վերցնեմ դիմորդներից»,-ակցիայի մասնակիցներին դիմեց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը՝ հավելելով, որ նախարարը նվերն ընդունում է և որպես հավատացյալ մարդ՝ շատ շնորհակալ է նվերից:

Հարցին, թե նախարարն այս հարցում փոխզիջումների արդյոք կգնա, խորհրդականը ասաց, որ նախարարը երեկ հարցազրույցի ժամանակ մանրամասն անդրադարձել է բողոքներին և իրավիճակն ամբողջովին պարզ է:

Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին: