Երեկ Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած անձանց խումբը հերթական աղմուկի ու ապատեղեկատվության ալիքն էր բարձրացրել` շարունակելով արդեն երկու տարի տևող ապօրինության տրամաբանությունը՝ ուղղված օրենքի, պետության ու սեփական համայնքի բնակիչների դեմ։ «Լիդիան Արմենիան» արդեն տեղեկացրել էր, որ անցյալ շաբաթ Ամուլսարի տարածքում սկսվել են գույքագրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնում են ընկերության մասնագետները՝ Ջերմուկ համայնքից աշխատակիցների մասնակցությամբ։ Հատկանշական է, որ տարածքում գողությունների ու վանդալիզմի ենթադրյալ դրվագների հրապարակումից հետո Ամուլսարի ճանապարհը փակողների խումբը երեկ դրսևորեց առավել ագրեսիվ պահվածք՝ փորձելով ներխուժել Ամուլսարի տարածք ու խանգարել գույքագրման աշխատանքներին։

Հատկանշական է նաև, որ սեփական համայնքում օրինական աշխատանքով և ոչ թե կասկածելի աղբյուրներից սնվելով ճանապարհ փակելով ապրելու ցանկություն ունեցող իրենց իսկ համայնքի բնակիչներին ապօրինություն իրականացնողները անվանում էին «վարձկաններ»։ Հարկ ենք համարում նշել, որ այս իրավիճակը, երբ օրինական աշխատանքով զբաղված համայնքի բնակիչների հանդեպ պարբերաբար տեղի են ունենում նման ապօրինի ոտնձգություններ, հնարավոր է դարձել իրավապահ համակարգի երկամյա թողտվության, այս տարածքում օրենքի ու օրինականության բացակայության հետևանքով։ Երեկվա արհեստական աղմուկը ևս մեկ ապացույց էր, որ ճանապարհ փակողները չեն ներկայացնում համայնքը, ամեն ինչ անում են համայնքում անհարկի խժդժություններ ու բախումներ ստեղծելու համար։

Կարող ենք միայն ենթադրել, որ աղմուկը կապված է տարածքում ապօրինությունների բացահայտմանն ուղղված գույքագրման ու դրա հնարավոր արդյունքների հետ։ Նման պահվածքը նաև երեկ ոստիկանության ընդգծված կրավորականության հետևանք է, երբ սեփական համայնքում աշխատելու օրինական իրավունք ունեցող հարյուրավոր մարդկանց շահերը պաշտպանելու փոխարեն, տեղի ոստիկանությունը ապօրինություն իրականացնողների հանդեպ դրսևորում էր աննախադեպ հանդուրժողականություն, օրենքի, այդ համայնքների հարյուրավոր բնակիչների ապրելու, աշխատելու ու իրենց ընտանիքների համար բարեկեցիկ կյանք ապահովելու իրավունքի հաշվին։

Այս իրավիճակին պետք է օր առաջ վերջ տրվի։ «Լիդիանը» պատրաստ է սատարել իրենց համայնքում օրինական աշխատելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիներին, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են օրենքի շրջանակներում ապահովել Հայաստանի քաղաքացիների այդ իրավունքի անխոչընդոտ իրացումը։ Գույքագրման աշխատանքները տարածքում շարունակվում են։

Լիդիան Արմենիա