Երկու կողմերն էլ կենտրոնացրել են վերջին զինատեսակներ, որոնք կարող են թիրախավորել ինչպես բնակավայրերը, այնպես էլ ենթակառուցվածքները. նման լարվածությունը դժվար է վերահսկելը: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հարցին, թե հնարավո՞ր է սահմանափակել զենքի կուտակումը տարածաշրջանում, նախկին համանախագահը պատասխանեց. «Երկու կողմերն էլ ունեն լուրջ զինատեսակներ, որոնք կարող են մեծ վնաս հասցնել բնակչությանն ու ենթակառուցվածքներին: Այդ զենքերը շատ դժվար է հետ վերցնել կողմերից: Ցանկալի է չհասնել մի կետի, երբ կողմերից մեկը կորցնի համբերությունը կամ մտածի, որ կարող է առավելության հասնել պատերազմում: Այսպիսի պատերազմներում հաղթողներ չեն լինի, կլինեն մարդկային կորուստներ: նոր հակամարտությունը կլինի ավելի ավերիչ:

Իմ համանախագահության ժամանակ մենք տեսնում էինք, որ կա հասարակական աջակցություն՝ կարգավորում գտնելու հարցում: Կարծում եմ՝ հիմա հասարակություններն ավելի ծայրահեղական դիրքեր են զբաղեցրել, ինչը խոչնդոտում է նախագահի կամ վարչապետի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»:

Ինչ վերաբերում է նրան, որ Ալիեւը հեռացրեց երկար տարիներ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Մամեդյարովին եւ նշանակեց դիվանագիտական լորտում փորձ չունեցող պաշտոնյայի, Ուորլիքն ասել է. «Հակամարտության կարգավորմանը տիրապետում էին քիչ թվով մարդիկ, հիմնականում նախագահը, վարչապետը եւ նրանց ԱԳ նախարարները: Նրանք հասկանում էին խնդիրը: Երկու երկրների ԱԳ նախարարները լիարժեք հասկանում էին խնդիրները եւ առաջ չէին քաշում առաջարկներ, որոնք ի սկզբանե դատապարտված էին: Ցանկացած փոփոխություն դժվարացնում է գործընթացը, քանի որ նրանք չեն տիրապետում ողջ գործընթացի մանրամասներին, ներսից ծանոթ չեն դրանց: Մենք նրանց հետ կարողանում էինք նստել ու բանակցել, նրանք գիտեին, թե որտեղ են խնդիրները եւ ինչի մասին պետք է խոսել:

Նոր բանակցողին ժամանակ է պետք, որ հասկանա իրավիճակը: Ես չեմ պնդում, որ սա միակ ձեւաչափն է, բայց համանախագահները երկար տարիներ աշխատում են այս խնդրի շուրջ եւ շատ լավ են հասկանում այն: Քանի դեռ չկան լուրջ առաջարկներ, կարծում եմ՝ պետք է ապավիներ համանախագահներին՝ բանակցությունները նախագահի եւ վարչապետի միջեւ առաջնորդելու համար»: