Հուլիսի 26–ին Կոտայքում ողբերգական վթարից մահացած Հրայր Ազիզբեկյանը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող էր։

«Դաժան իրականություն: Հրայրի նման նվիրված հայորդու, լավ ֆիզիկոսի, երիտասարդ և արդեն կայացած մանկավարժի հետ չպետք է այսպիսի բան կատարվեր: Սա անարդար է … անպատվում եմ մեղավորներին և պատասխանատուներին մինջև տիեզերք»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է Ֆիզիկայի Ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը։

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Կոտայքի մարզում, հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 23։10-ի սահմաններում Քաղսի-Սոլակ ավտոճանապարհի խաչմերուկի հատվածում բախվել են Քաղսի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հուսիկ Խաչատրյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի եւ Երեւանի բնակիչ՝ 37-ամյա Հրայր Ազիզբեկյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։

Մինչ վարորդները փորձել էին ավտոմեքենաները հեռացնել դեպքի վայրից, Հրազդան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած Nissan Fuga մանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել «07» եւ Nissan մակնիշի ավտոմեքենաների միջեւ գտնվող Հ. Ազիզբեկյանին, ով տեղում մահացել է, իսկ վթարի վայրում գտնվող Քաղսի գյուղի բնակիչներ՝ 56-ամյա Հենրիկ Վարդանյանին ու 40-ամյա Արմեն Վարդանյանին տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Խաչատրյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կոտայքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։