Կորոնավիրուսով կրկնավարակի դեպքերն ամբողջ աշխարհում հետազոտման փուլում են գտնվում, նույն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ դեռևս չի հայտնում, որ դրանք կրկնավարակի դեպքեր են, այլ նշվում է, որ դրանք  հետազոտման փուլում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, ԵՊԲՀ-ի ուսանող Արսեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կորոնավիրուսից ապաքինվելուց 40 օր անց կրկին  վարակվել է։

«Կրկնավարակ գոյություն ունի։ Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով»,- գրել էր նա ու հորդորել, որ իր հետ վերջին օրերին շփում ունեցողները թող ինքնամեկուսանանան։

Առողջապահության նախարարությունից այս դեպքի վերաբերյալ տեղեկություն չտվեցին՝ պատճառաբանելով, որ անձնական դեպքերի մասին ինֆորմացիա չեն տրամադրում։

«Ինչ վերաբերում է կրկնակի դեպքերին, ապա դա ամբողջ աշխարհում հետազոտման փուլում է գտնվում, նույն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ դեռևս չի հայտnում, որ դրանք կրկնավարակի դեպքեր են, այլ նշվում է, որ դա  հետազոտման փուլում են։ Երբ որ վերջնական արդյունքները կլինեն, մենք նաև մեր կասկածելի դեպքերն ենք տրամադրում՝ ուսումնասիրելու համար, նաև մեր համաճարակաբաններն են ուսումնասիրում և եթե պարզի, որ դրանք կրկնակի դեպքեր են, մենք դրա մասին կհայտարարենք»,- ասաց Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Մեր հարցին, թե քանի՞ կասկածելի դեպք է արձանագրվել, Ալինա Նիկողոսյանը թիվ նշել չկարողացավ։