«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն այդպես էլ վերջնական տեսքով դեռ հավանության չի արժանացել կառավարության կողմից, եւ շարունակվում են բուռն քննարկումները:

Նկատենք՝ դեռեւս այս տարվա փետրվարի 24-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել էին խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվել են բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները:

Այդ քննարկումը, ինչպես նաեւ նախագծի հանրային լսումները բավականին բուռն են անցել, եւ շատ դրույթների հետ նաեւ պատգամավորներն ունեն էական անհամաձայնություններ, եւ նաեւ դա է պատճառը, որ այն դեռ վերջնական տեսքի չի բերվել:

Բանն այն է, որ այդ նախագծով առաջարկվում էր լուծարել նաեւ Բարձրագույն որակավորման կոմիտեն, որին համաձայն էր նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Սակայն ընդհանուր առմամբ քննարկումները ցույց են տվել՝ ոչ բոլորն են կողմ այդ տարբերակին, եւ չի բացառվում, որ նախագծի վերջնական տարբերակում այդ դրույթը հանվի:

Ընդգծենք՝ վերջին շրջանում լարվել են նախարարի եւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հարաբերությունները. վերջինս անգամ հրաժարականի դիմում ներկայացրեց, սակայն այն այդպես էլ չստորագրվեց, եւ վերջինս շարունակում է աշխատել: Եվ հիմա կարծես թե փորձ է արվում Գոգյանին լռեցնել հենց կառույցի լուծարման հեռանկարով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում