«Հրապարակ» թերթը գրում է. «Սոցիալական ցանցերի որոշ ադրբեջանցի օգտատերեր տեղեկություն են տարածել, որ անցած գիշեր Միլլի մեջլիսի շենքը գրոհել են Բաքվում մնացած «երեսուն հազար հայերի զավակները՝ խաթարելու բանակի հետ հանրային համերաշխության ակցիան»:

Մենք արդեն տեղեկացրել ենք եւ լուսանկարով ապացուցել, որ խորհրդարան մտած ցուցարարների գործողություններն ուղղորդել է պետական անվտանգության գեներալ Ռաուֆ Խալափովը՝ Իլհամ Ալիեւի հորաքրոջ որդին: Ամենայն հավանականությամբ, սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը նույնպես մշակվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների խոհանոցում:

Բաքվում, իհարկե, հայեր չկան, բայց կան խառը ամուսնություններից ծնվածներ, որոնց ծնողներից մեկը ծագումով հայ է եղել: Այդ մարդիկ, երեւում է, հայտնվել են հատուկ ծառայությունների թիրախում:

Ռազմական անհաջողությունների մեղքն ինչ-որ մեկի վրա պետք է բարդել: Մամուլում հրապարակումներ են տարածվել այս կամ այն պաշտոնյայի «երակներում հայկական արյան» թեմայով: Մանրակրկիտ հարցախույզի է ենթարկվել նույնիսկ նախկին վարչապետ Արթուր Ռասիզադեն, ում մայրը, ասում են, հայ է եղել: Ռասիզադեն հերքել է եւ երդվել, որ մայրը կեսռուս-կեսլեհուհի է եղել՝ ծնունդով Դոնի Ռոստովից:

Բայց դա, կարծես, իրավիճակ չի փոխում: Պետական մեքենան անցել է գործի՝ նպատակ ունենալով Բաքվում հերթական զտումն անցկացնել: Թիրախում նրանք են, որոնց կասկածում են հայկական ծագման մեջ: Ադրբեջանական վտարանդիության աղբյուրներն արդեն իսկ ահազանգում են տեղ գտած բռնությունների մասին: Բացառված չէ, որ Բաքվում նոր ջարդեր կազմակերպվեն՝ «խառնածիններից քաղաքը մաքրելու» կարգախոսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում