Պաշտոնական տեղեկատվությունը մատուցվում է, անընդհատ պաշտպանության նախարարության խոսնակը տեղեկատվություն է հաղորդում. միջազգային հանրությանը պետք է փոխանցենք այն, ինչ մինչ այս պահը փոխանցել ենք:  Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից հրահրած ռազմական գործողություններին:

«Տեղի են ունեցել սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ: Այդ գործողությունները մեր զինված ուժերի կողմից արժանացել են համարժեք պատասխանի: Կանխվել է դիվերսիայի փորձը, այդ թվում՝ երեկ գիշեր տեղի ունեցածը: Բնականաբար, ինչպես միշտ, Ադրբեջանի զինված ուժերն այս անգամ եւս չեն բավարարվում միայն մեր զինվորականների ուղղությամբ արձակվող կրակոցներով, գնդակոծում են նաեւ քաղաքացիական բնակչությանը, գյուղերին: Տեսանք կադրեր, որ արկերից մի քանիսն ընկել են խաղաղ գյուղերի տների վրա: Այս ամենը խիստ դատապարտելի է, դրանք միջազգային բոլոր կոնվենցիաների ակնհայտ ճչացող խախտում են»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին գերատեսչությունը եւ խորհրդարանականներն իրենց դիվանագիտկան խողովակներով այս ամենի մասին պարբերաբար եւ շատ մանրամասն տեղեկացնում են Հայաստանի բոլոր միջազգային գործընկերներին եւ այն բոլոր կառույցներին, որտեղ Հայաստանը որեւէ անդամություն ունի:

«Ես իրադարձությունների մասին տեղեկացնող նամակներ եմ ուղարկել  Եվրոպական պառլամենտի նախագահին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ԵԽԽՎ նախագահին, ինչպես նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին»,-ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ Ադրբեջանը գնաց նման սադրանքի, ԱԺ նախագահն ասաց. «Վերլուծությունները տարբեր են, վստահ եմ, ինձ հետ նաեւ դուք էլ եք կարդում այն մասին, որ եւ՛ համաճարակի առումով բավականին բարդ իրավիճակ է ստեղծված այդ երկրում, եւ՛ բազմաթիվ  ներքին քաղաքական, տնտեսական խնդիրներ ունեն: Տեսակետ կա այն մասին, որ այսպիսով Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է պարպել իր երկրի ներսում առաջացած դժգոհությունը եւ այն ուղղել իրենց կողմից մշտապես թշնամի հռչակված Հայաստանի, հայ ժողովրդի, հայության ուղղությամբ»,- հավելեց ԱԺ նախագահը:

Ըստ Արարատ Միրզոյանի, հատկանշական է, որ այս օրերին տեղի ունեցող գործողությունները նույնիսկ որեւէ կերպ չեն առնչվում Արցախին, այլ տեղի են ունենում Հայաստանի սահմանի ուղղությամբ:

Հարցին՝ ՀԱՊԿ-ի արձագանքն ինչպե՞ս է գնահատում, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ընթացիկ, ըստ էության խաղաղություն հաստատելու կոչեր են: ՀԱՊԿ մեր գործընկերները տեղեկացված են այն մասին, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, եւ այլ միջամտության կարիք չկա»: