Աշխարհում կորոնավիրուսի 13 միլիոն հայտնաբերված վարակակրից ավելի քան 8 միլիոնն արդեն ապաքինվել է, մահացել է ավելի քան կես միլիոն մարդ։ Այս մասին վկայում են worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները:

Համավարակի ընթացքում աշխարհում գրանցվել է հիվանդության 13 706 896 և մահվան 587 144 դեպք։ Ապաքինվել է 8 166 637 վարակակիր։

Նախօրեին աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 234 245 դեպք: Կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն անցած մեկ օրվա ընթացքում հասել է 5754-ի՝ նախորդ օրվա 5413-ի համեմատ։

ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների և մահերի թվով առաջատարն է․ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 3 617 301 դեպք, որոնցից 140 150-ը՝ մահվան ելքով։ Հիվանդության 1 970 909 և մահվան 75 523 դեպքով երկրորդ տեղում է Բրազիլիան։ Եռյակը եզրափակում է Հնդկաստանը, որտեղ արձանագրվել է հիվանդության 970 596 և մահվան 24 935 դեպք։

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 213 երկրում: