Հակառակորդի դավադիր գնդակից զոհված հայ քաջորդիների անունները։ Կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքից էր, 1․5 տարվա զինծառայող։ Վեց ամսից պետք է զորացրվեր, տուն՝ չդարձավ։ Ծառայակից ընկերը՝ կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանն էլ ծնունդով Սյունիքի մարզից էր, մի քանի օրից տուն էր վերադառնալու։

Կապիտան Սոս Փայլակի Էլբակյանն էլ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր։ 28 ամյա սպան երազանքներ շատ ուներ, դրանցից գլխավորը՝ ընտանիք կազմելն էր, աշնանը հարսանիքն էր լինելու։ Մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանն էլ ծնունդով Լոռու մարզից էր։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով չորս զինծառայողներն էլ հետմահու պարգեւատրվել են։ Մարտական ծառայության, Արիության ու Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներ։
Նրանք թշնամուն լռեցրեցին՝ հայկական առաջնագիծն կյանքի գնով պահելու ճանապարհին թողնելով սեփական անշնչացած մարմիները։ Հավերժ փառք հերոս հայորդիներ

Հուլիսի 12-ից սկսած ընթացող մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը ունեցել է ընդհանուր 2 տասնյակ վիրավոր, այդ թվում նաև երկու ոստիկաններ։ Մեծ մասը թեթև, աննշան վիրավորումներ են ունեցել և մեկ- երկու ժամ հետո վերադարձել են շարք, շարունակել են իրենց խնդիրը կատարել, ասում է Իջևանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։ Տասը զինծառայող շարունակում է բուժումը, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կեսգիշերից հետո պահպանվել է հարաբերական անդորր։ «Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել, եղել են հրաձգային զենքերից անկանոն կրակոցներ, շարունակում է Հովհաննիսյանը։ ժամը 22:20-23:00-ի սահմաններում հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում, հայկական կողմը կորուստներ չունի:

Ադրբեջանական զինված ուժերը, սահմանապահ ծառայությունը կիրառել են երրորդ բանակային կորպուսի իրենց սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը՝ բացառությամբ մի քանի միջոցի։ Հովհաննիսյանի խոսքով՝ մոտ 10 միավոր ԱԹՍ-ներ են խոցվել, այդ թվում՝ սովորական, հետախուզական, մարտավարական փոքր խնդիր կատարող ԱԹՍ-ները, հարվածային ԱԹՍ-ները և թանկարժեք Elbit Hermes 900 ԱԹՍ-ն:

Հայաստանի որևէ բնակավայրից որևէ տարհանում չի եղել և կարծում եմ՝ չի էլ լինի»,- լրագրողներին ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ տեղական ինքնակառավարման մարմինների առաջ հարց կբարձրացվի, որ մոտակա օրերին համայնքներում իրականացվի գույքագրում, որպեսզի այս հարցի էջը փակվի։ Հովհաննիսյանի՝ խոսքով՝ համայնքներում երկու անգամ վնասվածք է ստացել գազատարը, բայց վերականգնվել է։

ՀՀ Զինված ուժերը լիովին ի վիճակի են կատարել իրենց խնդիրները, առկա կոնֆլիկտն այն աստիճանի չէ, որ Հայաստանն անհարժետություն տեսնի դիմել ՀԱՊԿ-ին միջամտության համար, սա էլ ի պատասխան այն հարցի, թե արդյո՞քպաշտոնական Երեւանը կդիմի ՀԱՊԿ-ին։

Հիշեցնենք՝ իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ։