Ադրբեջանական լրատվականները շարունակում են կեղծ լուրեր տարածել։

Այսպես, կայքերից մեկը գրել է, թե ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ահաբեկված գրառում է արել, այնուհետև՝ հեռացրել այն։

Լրատվակայքի փոխանցմամբ՝ Շուշան Ստեփանյանը գրել է, իբր հայ հանրությանը տրամադրվող պաշտոնական տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Լուրը արժանահավատ դարձնելու համար՝ հոդվածին կցված է նշված հրապարակման լուսանկարը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ նշված գրառումն արվել է Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջից, դրանում առկա տեղեկատվությունն ամբողջապես կեղծ է։

Կեղծիքը բացահայտելու համար բավական է միայն ուշադրություն դարձնել verified տարբերակիչի բացակայությանը, ինչպես նաև այն փաստին, որ լուսանկարն արվել է հենց էջը տնօրինողի կողմից, քանի որ հրապարակումը պահպանված է «միայն ինձ համար» (only me) տարբերակով: