Յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի, առաջնորդվում է իր շահերով, մենք պետք է մեր խնդիրները լուծենք, անկախ նրանից, թե ինչպիսի միջազգային արձագանքներ կան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքին:

Թորոսյանի խոսքով՝ միջազգային արձագանքները եղել են կամ չեզոք, կամ հօգուտ Հայաստանի՝ բացառությամբ երկու դեպքի. «Թուրքիան էր, որը խիստ կողմնակալ դիրքորոշում է արտահայտել, ինչը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Թուրքիան իրավունք չունի ներգրավվելու ԵԱՀԿ շրջանակներում արցախյան հակամարտության լուծման գործընթացի մեջ, որովհետեւ խիստ ադրբեջանամետ դիրքորոշում ունի, եւ ունենք Ուկրաինայի տարբերակը, որի հայտարարությունը մեղմ ասած չէր բխում Արցախի խնդրի լուծման տրամաբանական ոգուց: Մնացած բոլոր դեպքերում եւ՛ միջազգային կառույցների, եւ՛ առանձին պառլամենտների, եւ՛ առանձին պառլամենտականների ի դեմս եւ՛ ԱՄՆ-ի, եւ ՛Իտալիայի, եւ շատ երկրներից օրինակներ ունենք, հայտարարությունները կամ եղել են չեզոք, կամ եղել են արդարության ոգուն համապատասխան՝ Հայաստանի օգտին»,- նշեց նա: