«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված հայցն ընդդեմ սեւազգեստ մայրերի սխալ է հարուցվել. Մարգարիտա Խաչատրյանը չի հանդիսանում «Զինվորի մայր» հկ-ի նախագահ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, հայցի դեմ առարկություն ներկայացնելիս ասաց պատասխանող կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Քաղաքացիական օրենսգրքի իմաստով անձի արտահայտած տեղեկությունները չեն կարող համարվել զրպարտություն, եթե դրանք տեղ են գտել դատական վարույթում, իսկ այս դեպքում պատասխանողների արտահայտությունները ուղիղ տեղ են գտել դատական ակտում»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ Սարգիս Քլոյանը եւ մյուսները չեն կարող սույն գործով լինել որպես տուժողի ներկայացուցիչ։

Բացի այդ՝ Կոչուբաեւը նշեց, որ առկա է նաեւ հայցային վաղեմության խնդիր եւ դիմում ներկայացրեց՝ խնդրելով կիրառել հայցային վաղեմություն։

Դատարանն էլ արձանագրեց, որ պետք է քննարկվի հայցային վաղեմության կիրառման խնդիրը եւ ապացուցման բեռի բաշխումը, սակայն դիմումի օրինակը պատասխանող կողմը չի ներկայացրել հայցվոր կողմին։

Դատարանը հետաձգեց հայցի քննությունը, քանի որ հայցվոր կողմը պետք է ծանոթանա դիմումին։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 19-ին։

Նշենք, որ հայցվոր կողմը գտնում է, որ Մարգարիտա Խաչատրյանի հետեւյալ արտահայտությունը զրպարտություն է համարվում.

«Գտնում ենք՝ առաջնահերթությունը պետք է տրվեր զոհվածների ընտանիքում Արցախյան շարժման ժամանակ խաղաղ պայմաններում զոհվածի ընտանիքներին, ոչ թե Օպերայից մինչեւ քաղաքապետարան խանութ թալանողներին։ Ո՞ր հոգաբարձուների խորհրդին 30 միլիոն տրամադրեցին, ո՞ր նիստով անցկացրին, չէ՞ որ նրանք Օպերայից մինչեւ քաղաքապետարան պայքարում էին խանութ թալանելու, երկիրը աղավաղելու եւ աթոռակռվի համար։ Հիմա իրենց մեղեքերին թողություն անելու համար նրանց տվեցին 30 միլիոն»։

Հայցվոր կողմը գտնում է նաեւ, որ Սաթենիկ Խլղաթյանի հետեւյալ արտահայտությունը եւս հանդիսանում է զրպարտություն.

«Եթե փողոցային վեճերի, կռիվների ժամանակ տրվել է 30 միլիոն դրամ, ուրեմն հայրենիքի համար իր կյանքը նվիրած զինվորի համար 30 միլիոնը շատ քիչ էր»։