Մեկնարկել է գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը:

«Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնեց Հայաստան: Հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան»,-հայտնում են դեսպանությունից:

Առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «ISAR» Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «Caritas International» կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:

Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին Covid-19 համավարակի դեմ պայքարում, կկիսեն այս ոլորտում գերմանական փորձը:

Հայաստանում հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32 151 դեպք, որոնցից 19 865-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում  11 530 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  135 687 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 573 դեպք: