ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Քննչական կոմիտեի և Ոստիկանության կողմից կատարված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանը՝ վերջինիս պատկանող բնակարանում իրականացված խուզարկության ընթացքում:

Այս մասին  տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը՝ հավելելով, որ  Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, և նա տեղափոխվել է «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել սպանության փորձի, կողոպուտ եւ առեւանգում կազմակերպելու համար:

Հիշեցնենք՝ մարտի 4-ի լույս 5-ի կեսգիշերը՝ 02:40-ի սահմաններում, ոստիկանական ուժերը հատուկ օպերացիա են իրականացրել «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եւ նրա ազգակիցների առանձնատներում: Այս մասին հայտնի դարձավ, երբ Վարդանյանի փաստաբանները սոցիալական ցանցերով հայտարարեցին, թե գիշերը ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ, իրավական որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, հարձակվել են Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա, կոտրել դռներն ու պատուհանները, նաեւ՝ կատարել հափշտակություն։ Հանգամանքները մանրամասնելու համար փաստաբանները կեսօրին ասուլիս հրավիրեցին՝ լրագրողներին ցույց տալով կատարված գործողությունների արդյունքները: Օրվա ավարտին արդեն հակիրճ պարզաբանում ներկայացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել և դեռևս շարունակում են իրականացվել: