ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրելու ժամկետն ավարտվում է այսօր, ժամը 20:00-ին, սակայն մինչ այժմ գործադիրի ղեկավարը չի արձագանքել Պետրոսյանի առաջարկին:

Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Պետրոսյանը: «Ոչ մի արձագանք չկա, ի պատասխան դրա, ինչ-որ մանկամիտներ որոշել են հրավեր անել պարոն Ծառուկյանին՝ պատգամավորների օգնականների մակարդակով: Սա ուղղակի խայտառակության ժանրից է»,-ասաց Պետրոսյանը: Նրա խոսքով՝ ինքը պետական պաշտոն է զբաղեցնում, և իրավունք ունի վարչապետին հրավիրելու բանավեճի:

«Քաղաքական պաշտոնյան իրավունք ունի քաղաքական պաշտոնյային հրավիրել հեռուստաբանավեճի, ընդ որում ես դա արել եմ ամենայն լրջությամբ և թող Նիկոլ Փաշինյանը գար և պատասխաներ այն հարցերին, թե ինչու տնտեսական աճ չկա, ինչու մարդկանց կյանքը չբարելավեց, ինչու կորոնավիրուսի դեմ պայքարը տապալեց, ինչու բացի յուրայիններից մյուսների աշխատավարձը չբարձրացավ»,-ասում է Պետրոսյանը:

Այս ամենը հաշվի առնելով էլ, որպես խորհրդարանական դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հրավիրելով բանավեճի:

Պետրոսյանը նկատեց, որ իշխանությունը կազմակերպելով մանկամիտ ֆլեշմոբ ուղղակի ցույց է տալիս, որ հնչցրած հարցերին պատասխան չունի: Ըստ նրա սա նույնն է, որ կառավարություն- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ իրեն ասեն, ինչու է վարչապետին հարց ուղղում:

Հարցին, թե ինչով եք պայմանավորում այն հանգամանքը, որ իշխանությունը փորձեց այս կերպ արձագանքել, Պետրոսյանը պատասխանեց. «Որովհետև Փաշինյանը չի կարող գալ իմ հետ բանավեճի, նա էդքան քաջություն չունի, իրենք էլ որպեսզի ցույց տան, որ իմ ղեկավարին են հրավիրում, իհարկե հասկանում են, որ իմ ղեկավարը իրենց հետ խոսելու բան չունի, իսկ Փաշինյանը իմ հետ խոսալու բան ունի, իմ կալիբրը բավարարում է նրան հրավիրել բանավեճի,բա ձեր ինչն է բավարարում Ծառուկյանին հրավիրելու»,- ասաց Պետրոսյանը:

Irakanum.am