Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման համար:

«Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ որոշմամբ ցույց է տալիս, որ հարգանք չունի այս հողի բազմադարյա պատմության, ինքնությունների բազմազանության նկատմամբ: Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է դադարի միջկրոնական խնդիր լինել և պահպանվի թանգարանի կարգավիճակով` որպես մարդկության համաշխարհային ժառանգություն»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է հայազգի պատգամավորը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել էր Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին ՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:

1453թ-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: