Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկվելու պատճառով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը անընդունելի է համարում պաշտոնանկ արված Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար նշանակելը։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Մխիթարյանը։ Նա նշեց, որ եղբորը գտնվում է ծանր վիճակում։ Ծեծկռտուքի գործը դեռ նոր է մտել դատարան, ապացուցված չէ, որ Տրդատ Սարգսյանը անմեղ է, սակայն իշխանությունն իր այս քայլով ցույց է տալիս, որ կանգնած է նախկին մարզպետի թիկունքին։ «Քննչականն ավարտել է իր գործը, հիմա սպասում ենք, երբ դատարանը կանցնի գործի։ Պարզ է, որ մեկը մեկին է պահում։ Ինքը (նկատի ունի Տրդատ Սարգսյանին) Նիկոլի մարդն է, եւ բացահայտ ասում է, ես Նիկոլի մարդն եմ, ինչ էլ անեմ Նիկոլը ինձ կպահի։ Փաստորեն այդպես է ստացվում»,- ասաց Կարեն Մխիթարյանը։
Ծեծված փոխգնդապետի եղբոր խոսքով՝ իրենք շարունակում են պնդել՝ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել դեպքին։ Ինքն անձամբ ներկա չի եղել, բայց երկու փոխգնդապետ ցուցմունք են տվել և չեն փոխել իրենց ցուցմունքը։
Կարեն Մխիթարյանը շեշտում է, որ Տրդատ Սարգսյանի տեղը բանտում է, մինչդեռ նրան նոր պաշտոնի են նշանակում։ Թող ապացուցին, որ անմեղ է, նոր նշանակեին, քննչականն ասել է, ինքը կապ չունի, ուրեմն ճի՞շտ է»,- ասաց Կարեն Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի էին ենթարկել 2019թ. սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում: Գործով կալանավորվել էր մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, որը մեղադրվում է դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար, ավելի ուշ մեղադրանք էր առաջադրվել նաև նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, հետագայում Զավեն Գրիգորյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխվել էր։

Նշենք նաեւ, որ գործով ականատես վկաներ զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանն նշել են, որ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում եղել է, դրսևորել է անգործություն, նրանք սա պնդել են նաև առերսման ժամանակ: Տրդատ Սարգսյանը կտրականապես հերքել է դեպքի վայրում գտնվելու և վիճաբանությանն ականատես լինելու հանգամանքը, հետագյում ՔԿ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել:

Irakanum.am