Դիմակը կարող է դառնալ նորաձեւ աքսեսուար, սակայն այն պարտադիր պետք է լինի եռաշերտ, իսկ գործվածքից պատրաստված դիմակն անհրաժեշտ է ամեն օր լվանալ 60 աստիճան ջերմությամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի դիմակները բոլորին հասանելի լինեն: Անհրաժեշտ Է գտնել մի միջոց, որպեսզի բոլոր մարդիկ դրանից օգտվելու հնարավորություն ունենան… Ես նույնիսկ դեմ չեմ այն բանին, որ դիմակը դառնա նորաձեւ դետալ: Բայց միայն մի պայմանով. եթե այն գործվածքից է պատրաստված, ապա անհրաժեշտ է ամեն օր լվանալ 60 աստիճան ջերմությամբ, եւ որ այն լինի եռաշերտ: Դիմակը կարող է լինել ցանկացած պատկերով: Ես հասկանում եմ՝ տապ է, հարմար չէ, այդ ամենը հասկանալի է: Պարզապես անհրաժեշտ Է ընտելանալ դրան»,-ասել է Վույնովիչը՝ խոսելով կորոնավիրուսի համավարակի ֆոնին սահմանված միջոցառումների մասին: Նա նաեւ հիշեցրել է, որ հարկավոր է մշտապես լվանալ ձեռքերը, ամենուրեք պետք է լինեն սանիտայզերներ, իսկ հասարակական վայրերում մակերեւույթները պետք է լինեն ախտահանված:

«Մենք շատ ենք շփացել: Մենք սովորել ենք այն բանին, որ ամեն բան բուժվում է: Բայց COVID-ը սովորական մանրէ չէ: Այնպես որ լավ հիգիենան այն Է, ինչը հարկավոր Է վերադարձնել մեր կյանք»,-հավելել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 11,8 միլիոն դեպք, ավելի քան 545 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: