ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շանսերը փայլուն չեն: Այս մասին նա ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում:

Նրա խոսքով՝ Ամերիկան սովոր է իրեն աշխարհի խոշոր տնտեսությունը, հզոր ազգ զգալ, որը որոշումներ է կայացնում ոչ միայն առանձին անձանց, այլ նաեւ պետությունների փոխարեն:

«Այժմ նրանց մոտ իսկապես դժվար ներքին իրավիճակ է: Նրանց կարելի է պարզապես ցավակցել: Դեռ ամերիկացիներին չի հաջողվում վերահսկել կորոնավիրուսը, վարակվածների թիվն աճում է, եւ դա շատ վատ է»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ ռասիզմը մեծ խնդիր է ԱՄՆ-ի համար:

Նա նաեւ ասել է, որ  Թրամփը շատ խնդիրներ ունի, եւ դա անդրադառնում է նրա վարկանիշի վրա:

«Նա զիջում է իր հիմնական մրցակցին: Չնայած նա կրեատիվ մարդ է, եւ հնարավոր է, որ նման հրաշք լինի, ինչպես 4 տարի առաջ: Սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով նրա շանսերը փայլուն չեն թվում»,-ասել է Մեդվեդեւը: