ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2020թ. հուլիսի 8-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության մի քանի ծառայողներ զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, Բերդ քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող ավտոտնակի դիմաց իրենց է մոտեցել նույն քաղաքի 28-ամյա բնակիչը եւ դեռեւս նույն թվականի ապրիլի 7-ին Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու հանգամանքի հետ կապված հայհոյանքներ է հնչեցրել նույն բաժնի 2 ծառայողների հասցեին: Նշված արարքին իրավական գնահատական տալու նպատակով ոստիկանության Տավուշի բաժին հրավիրված քաղաքացին, ավագ տեսուչի աշխատասենյակում չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին, միաժամանակ բռունցքներով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի կրծքավանդակին, պատռել վերջինիս աջ ուսադիրը եւ վերնաշապիկի կոճակները եւ անմիջապես դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով:

28-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Ոստիկանության ծառայողները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: