Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

«Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր տիկին Ն. Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց և կարգադրեց մեր վստահորդին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում: Շատ շնորհակալ եմ անկախ դատական ակտի և պրոֆեսիոնալիզմի համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Հրանտ Անանյանը:

Հիշեցնենք, որ 2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին:

Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կուսակցություններից կամ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

Հունիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշել էր բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը, և Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: