Aravot.am-ի տեղեկություններով, կորոնավիրուսով հիվանդանալու մեծ թվով դեպքեր են արձանագրվել Գյումրու տուն-ինտերնատում, ընդ որում՝ վարակվել են ոչ միայն այնտեղ խնամվող շահառուներ, այլ աշխատակիցներ։ Մեր տեղեկություններով, թեստավորել են 150 խնամվողների և 66 աշխատակցի, խնամվողներից 55-ի թեստի պատասխանը, ցավոք, եղել է դրական։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը հաստատեց մեր այս տեղեկությունը։ Նա ասաց, որ 37-ը հոսպիտալացվել են, երեք հոգի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում, կան հոսպիտալացվածներ նաև մայրաքաղաքում և Սպիտակում։

Մեկ հոգի երեկ մահացել է Սպիտակում։ Մարզպետարանի պաշտոնյան նաև ասաց, որ ծերանոցում մեկուսարան են սարքում, քանի որ կան անախտանիշ ընթացք ունեցող բուժառուներ, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, նրանք մնալու են տեղում, հսկվելու են։

aravot.am