Ադրբեջանը չի փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում, քանի որ այն արդար է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի 6 հեռուստաալիքներին տված հարցազրույցում: «Մեր դիրքորոշումը հիմնված է պատմական արդարության և միջազգային իրավունքի վրա:

Հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Մենք թույլ չենք տա ստեղծել հայկական երկրորդ պետություն ադրբեջանական հողի վրա», — ասել է Ալիևը: Նա քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին պասիվության համար:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ Ղարաբաղը Հայաստան է: Այս հայտարարությունը խաթարում է բանակցությունները և դրանք անիմաստ է դարձնում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը համարժեք պատասխան չտվեց ձևաչափը փոխելու Երևանի փորձերին՝ պահանջելով, որ Ադրբեջանը սկսի բանակցություններ Լեռնային Ղարաբաղի անջատողականների հետ:

Այսօր, փաստորեն, չկան բանակցություններ կարգավորման շուրջ։ Իմաստ չունի նաև Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը տեսախցիկների առջև: Սա պարզապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է: Եթե ​​բանակցությունները առարկայական չլինեն, մենք դրանց չենք մասնակցի», — շեշտեց Ալիևը: