Երեւանի «Մեգամոլ Արմենիա» առեւտրի կենտրոնում ռումբեր չեն հայտնաբերվել. մոլը կանցնի բնականոն աշխատանքին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների քաղաքային վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների ղեկավար Գեւորգ Մնացականյանը։

«Ժամը 13։30-ին ԱԻՆ-ի ճգնաժամային ազգային կենտրոն ստացվել է ահազանգ, որ «Մեգամոլում» տեղադրված է պայթուցիկ սարք։ Աշխատել են 3 կինոլոգիական խումբ. մեկը՝ արտակարգ իրավիճակների բաժնից, երկուսը՝ ոստիկանական բաժնից։ Աշխատանքի արդյունքում ոչ մի վտանգավոր բան չի գտնվել, տրվել է աշխատանքի ավարտ։ «Մեգամուլը» կանցնի իր բնականոն աշխատանքին»,- ասաց նա։

Մնացականյանը նշեց, որ մոլի հարկերը կիսել են 3 մասի եւ 3 խումբը տարբեր ուղղություններով կատարել են որոնողական աշխատանքներ։

Նշենք, որ պայթուցիկ սարքի ահազանգ է ստացվել նաեւ Դալմա մոլում։ Այնտեղ ԱԻՆ-ի եւ Ոստիկանության աշխատակիցները շարունակում են աշխատանքներ տանել։