Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ շարունակել է խստացված ստուգայցերը ՀՀ Գեղարքունիքի մարզում։

Մշտադիտարկումներ են իրականացվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղին պատկանող Սևանա թերակղզում գտնվող Սևանավանք պատմամշակութային վանական համալիրի և հանրային լողափերի տարածքներում: Թեև Սևանավանքի տարածքը բազմամարդ է եղել, այնուամենայնիվ մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել։ Սևանի ավազանի հանրային լողափերում կիրակնօրյա հանգիստը կազմակերպողների շրջանում նույնպես խախտումներ չեն հայտնաբերվել։

Շրջայցի ընթացքում աշխատանքային խմբի կողմից կատարվել է լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ։ Ուշադրության կենտրոնում են եղել դիմակները ճիշտ չկրող անձինք, որոնց տրվել են սահմանված կանոնները պահպանելու ցուցումներ։

Տեսչական մարմնի աշխատակիցների հորդորով արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված կանոնները չկատարող՝ դիմակ չկրող 2 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ողջ տարածքում։